Կայքի հին տարբերակը
Ազդարարվեց արտադրական գործընթացի պաշտոնական մեկնարկը

2014թ. դեկտեմբերի 20-ին Թեղուտի լեռնահանքային համալիրի տարածքում տեղի ունեցավ շինարարության ավարտին և արտադրական գործընթացի մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողություն: Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում արարողությանը ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, գործարարներ, բարձրաստիճան այլ հյուրեր:

Արարողությունը, որը ներառում էր լեռնահանքային համալիրի հիմնական օղակներ այցելություն, մեկնարկեց հարստացուցիչ ֆաբրիկայի հարակից հրապարակում, որտեղ ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին և լեռնահանքային համալիրի ակնկալվող դերակատարումը ՀՀ տնտեսական զարգացման գործում կարևորեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Այդուհետ ֆաբրիկայի տեխնիկական կառավարման կենտրոնում խորհրդանշական կոճակի սեղմումով ՀՀ Նախագահն ազդարարեց համալիրում արտադրական գործընթացի պաշտոնական մեկնարկը:

«Վալլեքս» խմբի ընկերությունների զարգացման գործում մեծ ավանդի համար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին հանձնվեց «Վալլեքս» խմբի բարձրագույն կորպորատիվ պարգևը՝ ««Վալլեքս» խմբի մեծ ոսկե խաչ՝ ադամանդներով» շքանշանը:

Արտադրական գործընթացի մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողության շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վալերի Մեջլումյանին հանձնեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը, որով Վալերի Մեջլումյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի 19.12.2014թ. ՆՀ-637-Ա հրամանագրով, տնտեսության զարգացման գործում մատուցած ակնառու ծառայությունների և ներդրած անձնական ծանրակշիռ ավանդի համար:

«Վալլեքս» խմբի ընկերությունների զարգացման գործում մեծ ավանդի համար կորպորատիվ շքանշաններով պարգևատրվեցին նաև «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ վարչության նախագահ Անդրեյ Լեոնիդովիչ Կոստինը, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի աշխատակազմի ղեկավար Սահակ Սարգսի Կարապետյանը` անձնվեր աշխատանքի համար, Թեղուտի լեռնահարստացուցիչ համալիրի գործարկման առթիվ՝ «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցներ Ռուբեն Գարեգինի Պապոյանը, Հովհաննես Լևոնի Աղաբեկյանը, Հրանտ Մաքսիմի Շահնազարյանը, Հովհաննես Արամայիսի Մոսինյանը, Լևոն Վազգենի Կիրակոսյանը, Ռուբեն Արարատի Մեսրոբյանը, Վանիկ Սամվելի Սիրադեղյանը, Թագուհի Կարապետի Կարապետյանը, Ալբերտ Լևոնի Ղավճյանը, Սամվել Գառնիկի Իսոյանը, Վարուժան Վոլոդիայի Բոշյանը, Մինաս Արտաշեսի Վարդանյանը, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ աշխատակից Անահիտ Յակովի Խաչատրյանը և «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ աշխատակից Համլետ Սերյոժայի Տիտանյանը:

Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման գործում ավանդի համար «Թեղուտի լեռնահարստացուցիչ համալիրի գործարկման առթիվ» մեդալով պարգևատրվեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների ավելի քան 200 աշխատակիցներ:

Թեղուտի լեռնահանքային համալիրի շինարարության ավարտին և արտադրական գործընթացի մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությունը «Վալլեքս» խմբի ընկերությունները համատեղել էին խմբի ամանորյա միջոցառման հետ: Արդյունքում՝ մթնոլորտը կրկնակի տոնական էր. համերգային ծրագիր՝ հայտնի կատարողների մասնակցությամբ, նվերներ, բազմաթիվ անակնկալներ և հրավառություն:

Լուսանկարներ.